Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայում նոր անդրսահմանային գործողություն սկսելու մասին: Ռազմական գործողությունները Թուրքիան անվանել է «Խաղաղության ակունք»։
Գործողության նպատակն, ըստ Էրդողանի, ահաբեկչական միջանցքի ոչնչացումն է, որը քրդերը փորձել են ստեղծել Հանրապետության սահմանի երկայնքով, և տարածաշրջանում կայունության հասնելը։
Թեմայի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու նպատակով «Armenia Today»-ը զրուցել է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ- քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանի և ՀՀ վարչապետի աշխատակազմին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Սոնա Սուքիասյանի հետ։
Անդրադառնալով քրդերի կողմից թուրքական ուժերին տրված հակահարվածին (Քրդերը գնդակոծել են թուրքական քաղաքները) ՝ փորձագետը նշեց, որ քրդերն ունեն հիմնականում երկու տարբերակ․«Ընդունել սիրիական ներկայիս իշխանություններին ու տարածքները հանձնել Դամասկոսին, մյուս տարբերակը՝ անցնել պարտիզանական կռիվների»։
«Այն ժամանակ կային ամերիկացիները, բանակցությունները Դամասկոսի հետ գրեթե անհնար էր, իսկ այս դեպքում ժամանակը ցույց կտա՝ ինչ որոշում կկայացնեն քրդերը»,- հավելեց փորձագետը։
Սոնա Սուքիասյանն էլ անդրադառնալով Թուրքիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասարակական կարծիքին՝ նշեց, որ Թուրքիայում հասարակությունը, ըստ Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ ունեցած կարծիքի, բաժանվում է երկու հիմնական խմբի։
«Թուրքիայում կա հասարակության մի զանգված, որն առհասարակ դեմ է պատերազմին և նրանք գտնում են, որ Թուրքիան որևիցէ իրավունք չունի Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնել: Սակայն խաղաղապաշտների կողքին կան նաև ավելի պանթուրքիստական գաղափարների տեր և Էրդողանին աջակցող զանգվածներ, ովքեր ավելի մեծ թիվ են կազմում և աջակցում են Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին»,- նշեց փորձագետը։
Սոնա Սուքիասյանն ընդգծեց նաև, որ ռազմական գործողությունների կողմնակիցներն իրենց դիրքորոշումը մեկնաբանում են տարբեր տեսանկյուններից։ Մի մասը հիմնավորվում են Թուրքիայի անվտանգության տեսակետից,(այսինքն Սիրիայում գտնվող քրդական խմբավորումները ոչ միայն Սիրիայի, այլ նաև Թուրքիայի անվտանգությանն են սպառնում, քանի որ Թուրքիայի հետ Սիրիան ունի ընդհանուր սահման), իսկ մյուս հիմնավորումը կապված է պատմության հետ. այս տեսակետի կրողները գտնում են, որ Սիրիայում պետք է իրականացվի ռազմական գործողություն, քանի որ այդ հատվածները նախկինում եղել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ և Օսմանյան կայսրության մաս են կազմել, հետևաբար իրենք պատմականորեն կապված են այդ տարածքների հետ և չեն կարող թույլ տալ, որ այնտեղ գլուխ բարձրացնեն ահաբեկչական խմբավորումններ։
Փորձագետը խոսեց նաև քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնությունների մասին՝ նշելով, որ «Թուրքիայում կան նաև ընդիմադիր կուսակցություններ, մասնավորապես գլխավոր ընդդիմադիր քեմալական «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը և նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որոնք դեմ են Սիրիայում ռազմական գործողություններին: Քրդամետ կուսակցության դիրքորոշումն ավելի քան պարզ էր, որ բացասական պետք է լիներ։ Բայց ահա քեմալական կուսակացության դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ բավականին հետաքրքիր է, քանի որ իրենք առաջնորդվում են իրենց կուսակցության, հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարներով, որն առաջնորդվում էր «խաղաղություն աշխարհում, խաղաղություն երկրում» գաղափարով, սա իրենից ենթադրում էր, որ Թուրքիան պետք է իր սահմանների տարածքում մնա, չնայած նրան, որ հենց Աթաթուրքի կառավարման ժամանակ է խախտվել այս սկզբունքը:
«Հանրապետական, ժողովրդական» կուսակցությունը բացի «Խաղաղության ակունք» գործողությունից, դեմ է եղել նաև նախորդ երկու գործողությունների ժամանակ՝ խոսքը «Եփրատի վահան» և «Ձիթենու Ճյուղ» գործողությունների մասին է»:
Փորձագետը նշեց նաև, որ չնայած «Խաղաղության ակունք» գործողության հետ կապված «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում տարաձայնություններ չկան, այնուամենայնիվ կուսակցության ներսում կան որոշակի խմորումներ, որոնք արտահատվեցին Ահմեդ Դավութօղլուի և Ալի Բաբաջանի կուսակցությունից դուրս գալով։
«Սա այն զանգվածն է , որը ապագայում հնարավոր է ստեղծի նոր կուսակցություն: Նրանք Էրդողանի հետ համաձայն չէին ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաև ներքին քաղաքականության հետ կապված հարցերում»,- ամփոփեց փորձագետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







