Սիրիայի հյուսիս — արևելքում այս տարվա հոկտեմբերի 9- ին Թուրքիան սկսել է « Խաղաղության ակունք » ռազմական գործողությունը, որի նպատակը, ըստ թուրքական կողմի, նշված շրջանները «քուրդ ահաբեկիչներից» մաքրելն ու այդ տարածքներում անվտանգության գոտի ստեղծելն է։ Թուրքիան նպատակ ունի ձևավորվելիք անվտանգության գոտու հատվածում բնակեցնել իր տարածքում ապաստանած մի քանի միլիոն սիրիացի փախստականներին։
Սիրիայի հյուսիս — արևելքում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողություններում Անկարայի հետապնդած իրական նպատակների, Դամասկոսի ու քրդերի օրեր առաջ ձեռք բերած համաձայնության, ռազմական գործողությունների համատեքստում տարածաշրջանային և միջազգային դերակատարների ակտիվացման, ինչպես նաև այս գործողությունների համատեքստում հայկական գործոնի և մեր հայրենակիցների ճակատագրի վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
1 ․ Սիրիայի հյուսիս — արևելքում սկսած ռազմական գործողություններով , բացի իր կողմից հայտարարած « քուրդ ահաբեկիչներից » այդ տարածքները մաքրելուց էլ ի՞նչ նպատակ է Թուրքիան հետապնդում և ի՞նչ հարց է Թուրքիան փորձում լուծել :
Սիրիայի հյուսիս — արևելքում սկսած ռազմական գործողությունների համար թուրքական իշխանությունների ներկայացրած հիմնավորումը միայն արտաքին հիմնավորումն է այն մեծ ծրագրի , որը Թուրքիան ուներ սիրիական հակամարտության դեռևս սկզբնական ժամանակահատվածում։ Թուրքիայի ներկայացրած հիմնավորումը չի արտահայտում վերջինիս իրական շահերն ու նպատակները։
Թուրքիայի սկսած ռազմական գործողության հիմնական պատճառը Սիրիայի հյուսիս — արևելքում՝ հատկապես քրդաբնակ շրջաններում, Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քրդական հիմնախնդրի լուծումն է՝ ենթադրյալ անվտանգության գոտու միջոցով , որտեղ բնակեցվելու են Թուրքիայում ապաստանած փախստականները ՝ հիմնականում սուննի արաբներ, թուրքմեններ և այլն։ Այս կերպ Սիրիայի հյուսիսում փոխվելու է բնակչության դեմոգրաֆիական կազմը։ Այս հանգամանքը թուրքական իշխանություններին հնարավորություն է տալու բնական պատնեշ ստեղծել քուրդ ժողովրդի երկու՝ Թուրքիայի և Սիրիայի հատվածների միջև։ Ժամանակի ընթացքում այս գոտին Թուրքիայի համար կարող է վերածվել քաղաքական , տնտեսական , հնարավորության դեպքում՝ նաև ռազմական ազդեցության գոտու։
2 ․ Կարո՞ղ են այս գործողությունները դիտարկվել որպես նախկինում Հալեպի հյուսիսում և Աֆրինում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների շարունակությունը։
Հալեպի հյուսիսում՝ Ազազ և Ջարաբլուս գոտում և Աֆրինում իրականացված գործողությունները նախերգանքն էին շատ ավելի մասշտաբային և Թուրքիայի համար շատ ավելի կարևոր գործողության , որը պետք է ծավալվեր Եփրատ գետից արևելք ընկած հատվածում։ 2005 և 2018 թվականներին Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողություններից՝ « Եփրատի վահան »-ից ու « Ձիթենու ճյուղ »-ից հետո « Խաղաղության ակունք » ռազմական գործողությունը սիրիական հակամարտության շրջանակներում Թուրքիայի կողմից նախաձեռնված ամենաառանցքային գործողությունն է ։
Այն շրջանը , որտեղ ընթանում են ռազմական գործողությունները, բավական կարևոր շրջան է , և այս շրջանի քրդերը, ի տարբերություն նշված մյուս շրջանների քրդերի , առավել մարտ ունակ և պատրաստ են դիմագրավելու թուրքերին։ Դեռևս սիրիական հակամարտության սկզբնական շրջանում՝ 2012 թվականից սկսած , քրդերն այս տարածքներում փաստացի ինքնավարություն են ստեղծել՝ և՛ քաղաքական , և՛ ռազմական, և՛ տնտեսական առումով ինքնուրուն լինելով և ինքնուրույն լուծելով սեփական խնդիրները։
3 ․ Դամասկոսի ու քրդերի միջև օրեր առաջ ձեռք բերված համաձայնությամբ սիրիական հակամարտությունը ո՞ր փուլ կթևակոխի և այս համատեքստում հակամարտության ի՞նչ ժամկետներ կնախանշեք։
Քրդական կառույցների և Դամասկոսի միջև համագործակցությունը հնարավոր դարձավ բացառապես Թուրքիայի սկսած ռազմագործողության հետևանքով։ Նախկինում ևս քրդերը ունեցել են մեծ հնարավորությունները Դամասկոսի հետ երկխոսելու և չեն ընդունել Դամասկոսի կողմից առաջ քաշված պայմանները, այն է՝ հանձնելու իրենց կողմից վերահսկվող շրջանները սիրիական իշխանությունների վերահսկողությանը։ Միայն Թուրքիայի կողմից հարձակումից հետո , երբ քրդերը ռազմական գործողությունների շարունակականության դեպքում կարող են զրկվել անգամ այն նվազագույնից, ինչին հասել են սիրիական հակամարտության ողջ ընթացքում, որոշեցին սիրիական կառավարությանը զիջել իրենց զբաղեցրած դիրքերը։
Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, բավական բարդ է կանխատ եսել ։ Պարզ է մի բան , որ մեծ հավանականությամբ հատկապես Ռուսաստանի ակտիվ դերակատարությամբ , սիրիական և թուրքական բանակների միջև բախումները քիչ հավանական են։ Ռազմական գործողությունների գոտու որոշակի հատվածներում հնարավոր են բախումներ սիրիական բանակային ստորաբաժանումների և Թուրքիայի հովանավորած այսպես կոչված « Սիրիայի ազատ բանակ » խմբավորման միջև։
Անվտանգության գոտու ձևավորումը հնարավոր կլինի նախ ԱՄՆ փոխնախագահ Մ. Փենսի Անկարա այցից և անցկացվելիք բանակցությունների, ապա նաև Ռուսաստան — Թուրքիա ակնկալվող բանակցությունների ընթացքում , երբ առաջիկա օրերին Ռուսաստանի Դաշնություն մեկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պետք է ամրագրել մի հանգամանք , որ սիրիական հակամարտության կարգավորման գործում առանցքային դերակատարություն է ունենալու Ռուսաստանը , և բոլոր կարևոր որոշումները լուծվելու են հատկապես Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։
4. Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողություննեը ի՞նչ ուժերի կարող է ակտվացնել տարածաշրջանում թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային տերությունների մակարդակով։
Այս ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում հատկապես կարող է ակտիվացնել Սիրիայի տարածքում գործող մի քանի ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, որը տևական ժամանակ մեծ ակտիվություն չէր դրսևորում։
Թուրքիայի հարձակումը և այդ գործողություններին քրդերի ակտիվ ներգրավվածությունը, մասնավորապես քրդերի կողմից վերահսկվող տարածքներում գտնվող բանտերից իսլամականների փախուստի միջադեպերը կարող են հանգեցնել այդ կառույցի վերախմբավորմանն ու ակտիվացմանը: Ի դեպ, նշածի օրինակներն արդեն կան մի քանի ուղղություններով: ԻՊ-ն արդեն իրականացրել է մի քանի հարձակումներ:
Ինչ վերաբերորում է արտաքին և տարածաշրջանային դերակատարների ակտիվացմանը, ապա կարող են ակտիվանալ Իրանն ու Իսրայելը: Իրանը, օգտվեով Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում առավել ակտիվ ռազմական գործողություններից, կարող է ամրապնդել իր դիրքերը հատկապես Սիրիայի հարավում իր համար առանցքային գոտիներում՝ Իսրայելին սահմանակից շրջաններում: Ի պատասխան՝ Իրանի ակտիվացման՝ կարող է գործել նաև Իսրայելը, որպեսզի լուծի իր անվտանգության համար առաջնահերթ խնդիրները:
5 ․ Ի՞նչ կասեք այս գործողություններում հայերի դերակատարության և մեր հայրենակիցների անվտանգության պահպանման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց այդ տարածքներում, օրինակ Կամիշլիում դեռևս հայեր կան:
Ինչ վերաբերում է հայկական գոծոնին, ապա, անշուշտ, իրավիճակը մտահոգիչ է, սակայն նման զարգացումները կանխատեսելի էին առնվազն անցյալ տարվա վերջից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորախումբը դուրս բերելու մասին: Անգամ այս սպառնալիքի տակ, մեր հայրենակիցները շարունակում են մնալ շրջանում և տեր կանգնել իրենց տներին: Այս համատեքստում պետք է ֆիքսել, որ հատկապես երկու շրջաններում, որտեղ շարունակում են մնալ հայեր՝ Կամիշլիում և Մալիքեայում, իրավիճակը ռազմական գործողությունների առումով այդքան լարված չէ: Հրթիռակոծումները հաճախակի բնույթ չեն կրում: Այսուհանդերձ, ռազմական գործողությունների ակտիվացման դեպքում պետք է պատրաստ լինել անհրաժեշտ գործողություններ իրականացնելուն: Եթե առաջանա Սիրիայի տարածքում մեր հայրենակիցների անվտանգության ապահովման անհրաժեշությունը, ապա ՀՀ-ն այդ հարցը կարող է լուծել այնտեղ մեր դաշնակիցների՝ Ռուսաստանի զինված ուժերի և սիրիական կառավարական ուժերի հետ համագործակցությամբ, ինչպես նախկինում սիրիական հակամարտության տարբեր շրջափուլերում է արվել:
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







