Նոյեմբերի 10-11-ը Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Երևան այցի շրջանակներում նախատեսվում է հուշագիր ստորագրել, որը թույլ կտա ռուս մասնագետներին աշխատելու Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում
Այս տեղեկատվությունը տարածել են ռուսական ԶԼՄ-ները։
Այն, որ Երևանն ու Մոսկվան աշխատում են այս հուշագրի մշակման ուղղությամբ, օրերս հաստատել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այս փաստաթղթի գլխավոր նպատակն է բոլոր կողմերի շահերը հաշվի առնելը, որպեսզի ոչ մի կողմի, մեր գործընկեներից ոչ մեկի մոտ լաբորատորիաների հետ կապված չլինեն մտահոգություններ»:
Հայաստանում նրանք գործում են 2016թ-ից. 3 լաբորատորիա Երևանում և 4-ը` շրջաններում` Գյումրի, Վանաձոր, Իջևան, Մարտունի: Նրանց ֆինանսավորման մասին պաշտոնական տվյալներ չկան: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` այն տատանվում է 18-50 մլն դոլարի սահմաններում:
Հայաստանը միակ երկիրը չէ, որի տարածքում Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ գործում են նման լաբորատորիաներ: Նման լաբորատորիաներ կան նաև Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում: Սակայն Հայաստանը միակ երկիրն է, որը հնարավորություն է տալիս ռուս մասնագետներին (Առողջապահության և Պաշտպանության նախարարությունների մասնագետներ) առանց խոչընդոտի մուտք ունենալու փակ օբյեկտներ:
ԱՄՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ լաբորատորիաները ստեղծված են բացառապես քաղաքացիական նպատակներով, այն է` հետխորհրդային երկրների կենսաբանական անվտանգության ապահովում: Ընդ որում հայկական և ռուսական ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվում են հայտարարություններ, որոնցում հաստատվում է, որ նման լաբորատորիաները Հայաստանում երկակի նշանակության լաբորատորիաներ են:Այսինքն դրանք կարող են օգտագործվել նաև ռազմական նպատակներով` կենսաբանական զենք ստեղծելու և արտադրելու համար:
ՎԵՐԵԼՔ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը գրում է. «Լաբորատորիաների կառուցումը կենսաբանական սպառնալիքներին հակադրվելու նախագծի շրջանակներում ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս վերահսկելու կենաբանական իրադրությունը ինչպես համապատասխան հետխորհրդային, այնպես էլ սահմանակից հարևան երկրներում. Յուրաքանչյուրը գիտի` բակտերիաների ուսումնասիրությունից մինչև կենսաբանական զենքի ստեղծում մեկ քայլ է»:
Ռուսաստանին մտահոգում է իր սահմաններին հարակից շրջաններում, այդ թվում ` ՀԱՊԿ անդամ-երկրներում, երկակի նշանակության թանկարժեք կենսաբանական օբյեկտների ցանցի ստեղծումը:
«Կանաչ լույսը», որը տրվել է ռուս մասնագետներին Պենտագոնի փողերով ստեղծված լաբորատորիաներ այցելելու համար, անխուսափելիորեն կնպաստի երկու պետությունների ռազմավարական միության խորացմանը: Հենց այս իրադարձության նպանատիպ նշանակությամբ կարելի է պայմանավորել համապատասխան փաստաթղթի ստորագրումը Ռուսաստանի Արտգործնախարարի` Երևան այցի շրջանակներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







