Իրականում աշխատանքը կարող է դառնալ սթրեսի պատճառ: Անկախ նրանից, թե դրա պատճառը ղեկավարն է, գործընկերները, թե ծանրաբեռնվածությունը, լարվածությունը կարող է լինել չափազանց: Մի անհաջող հանդիպումից Դուք կարող եք դուրս գալ համբերությունից և ընդհարվել գործընկերոջ հետ: Այդուհետ Դուք կարող եք վերադառնալ Ձեր գործին, կարծես ոչինչ էլ չի եղել, սակայն Ձեր շրջապատը դժվար թե մոռանա դա այդքան շուտ: Բացասական փորձն ավելի խորն է ընկալվում, քան դրականը, իսկ բացասական տպավորություններն արագ են ձևավորվում և դժվարությամբ հաղթահարվում, քան դրականը: Որպեսզի իրավիճակն ուղղվի, պետք է խնդրին մոտենալ ինքնաքննադատությամբ և մտածված:
Harvard Business Russia-ն առաջարկում է մի քանի քայլեր, որոնց հետևելը կօգնի չհայտնվել նման իրավիճակում:
Եղե՛ք անկեղծ Ինքներդ Ձեզ հետ
Այս իրավիճակում առաջին ճիշտ քայլը Ձեր կողմից կլինի Ձեզ վրա անկեղծ հայացք գցելը: Արդյոք սա միակ նախադե՞պն է, թե նման բան պատահում է ոչ առաջին անգամ: Եթե Ձեզ բնութագրական չեն էմոցիոնալ բռնկումները, ապա Ձեզ իմացողներն ամեն ինչ կվերագրեն իրավիճակային գործոններին: Այդ դեպքում գուցե բավարարի անկեղծ ներողություն խնդրելը: Սակայն եթե նման բան կրկնվում է արդեն կանոնավոր ձևով, այս դեպքում Ձեր հեղինակությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի ավելի բարդ գործընթաց:
Ներողություն խնդրե՛ք
Ձեր հաջորդ քայլը ներողություն խնդրելն է: Իդեալականն այն տարբերակն է, երբ ներողություն եք խնդրում միջադեպից անմիջապես հետո` առաջին իսկ հնարավորության դեպքում: Որքան արագ դա անեք, այնքան շրջապատող մարդիկ ավելի քիչ կխոսեն դրա մասին միմյանց հետ: Այս դեպքում ամենագլխավորը պատասխանատվության գիտակցումն է. Դուք ընդունում եք, որ մեղավոր եք, և գիտակցում եք, որ իրավացի չէիք: Սակայն պետք է հիշել, որ նման արարք այլևս չպետք է կրկնվի, քանի որ «ներողություն»-ը կկորցնի իր արդյունքը:
Փորձե՛ք հասկանալ` ինչն է նման իրավիճակի առաջացման պատճառ դարձել
Որպեսզի ապագայում խուսափեք նման իրավիճակներից, պետք է փորձեք հասկանալ, թե ինչն է հրահրում նման իրավիճակ: Գուցե անհրաժեշտ է աշխատել սթրեսի ուղղությամբ, կամ Դուք հունից դուրս եք գալիս, երբ զգում եք, որ Ձեզ վրա հարձակվում են կամ վիրավորում: Գուցե կան մարդիկ, որոնք Ձեզ մոտ վրդովմունք են առաջացնում, կամ էլ գուցե անձնական խնդիրներն են փորձում թափանցել աշխատանքային կյանք: Հենց որ Դուք հասկանաք, թե որն է խնդրի հիմքը, կկարողանաք առավել կառուցողական լինել և խուսափել նման իրավիճակներից:
Եղե՛ք հետևողական
Որպեսզի Ձեզ սկսեն ընկալել այլ կերպ, պետք է ինքներդ Ձեզ կարողանաք վերահսկողության տակ պահել: Սովորաբար մարդիկ հակված են նկատելու վարքի այն ասպեկտները, որոնք հաստատում են մարդու մասին գոյություն ունեցող տեսակետը, այլ ոչ թե այն, որը հակասում է ձևավորված կերպարին:
Ջանք գործադրե՛ք հարաբերությունների վրա
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ հակված են ներելու այն դեպքում, երբ մինչ լարվածության առաջացումը ջանք է գործադրվել սոցիալական կապիտալի ձևավորման համար, քան եթե գործընկերը ժամանակ չի գտել իր գործընկերների հետ շփման համար: Եթե ինչ-որ մեկի հետ հաստատել եք լավ փոխհարաբերություններ, ապա այդ ընթացքում, հավանաբար, Ձեզ հաջողվել է կուտակել տեղեկատվության որոշակի ծավալ և ձևավորել որոշակի պատկերացում տվյալ մարդու մասին: Նման դեպքում որպեսզի վերականգնեք Ձեր հեղինակությունը, կարևոր է կառուցել անկեղծ հարաբերություններ շրջապատի հետ:
Եղե՛ք հանդուրժող
Եթե Դուք արդեն հաղթահարել եք միջադեպը, մյուսները կարող են շարունակել մնալ դրա ազդեցության տակ: Հետևաբար, եթե Դուք շաբաթներ շարունակ Ձեզ փորձում եք դրսևորել լավագույն կողմից, մյուսներին գուցե ավելի երկար ժամանակ անհրաժեշտ լինի` հավատալու իրական փոփոխություններին:
Համբերությունը շատ կարևոր է: Եթե Ձեր մասին շրջապատն արդեն ձևավորել է կարծիք, հավանաբար անհրաժեշտ կլինի ժամանակ, որ ա) նկատեն, որ Ձեր վարքը փոխվել է, բ) հավատան, որ այդ փոփոխությունը լուրջ է և երկարատև: Ուստի մի՛ հուսահատվեք, եթե մարդկանց ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինի, որ նկատեն Ձեր փոփոխությունները: Նույն ձևով շարունակեք, և մարդիկ անպայման կնկատեն:
Աշխատավայրում լարվածության պոռթկումից հետո վերականգնվելը կարող է շատ դժվար լինել: Եվ եթե այլոց կարծիքը փոխելը այնքան էլ հեշտ գործ չէ, այնուամենայնիվ համբերատարության և կենտրոնացման դեպքում միանշանակ կհասնեք դրական արդյունքի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







