Չնայած Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումն առաջին հայացքից ավատրվեց անարդյունավետ, սակայն երկու առաջնորդները գոհ մնացին: Հանդիպումից անմիջապես հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ նախագահ Դոնալդ Թրամփը կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները` լուծելու ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող հարցերը փոխադարձ հարգանքի հիման վրա և հաշվի առնելով ազգային շահերը: Իր հերթին Թրամփը բանակցություններն անվանել է «հրաշալի»:
Վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական հարցերը եղել են ռուս-թուրքական գործարքը, համաձայն որի` Անկարան ձեռք է բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներ, և իրադրությունը Սիրիայում, մասնավորապես թուրք-սիրիական սահմանին թուրքական զորքերի ներխուժումից հետո:
Էրդողանը հերթական անգամ բացասական է պատասխանել ամերիկյան նախագահի համառ կոչին` վերանայելու արդեն իսկ իրագործված C-400-ի պայմանագիրը: Այնուամենայնիվ, ըստ Թրամփի, նրանք հրահանգել են իրենց ներկայացուցիչներին «անհապաղ սկսել աշխատել C-400-ի հետ գնման հետ կապված խնդրի լուծման ուղղությամբ»:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ է նշանակում «խնդրի լուծում», սակայն չի բացառվում, որ Էրդողանը կփորձի մեղմել Վաշինգտոնի դիրքորոշումը Անկարային ամերիկյան ժամանակակից F-35 կործանիչներ մատակարարելու հարցում: Հայտնի է, որ գործարքը դադարեցվել է այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք է բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրներ:
Ինչ վերաբերում է թուրք-սիրիական սահմանին տիրող իրադրությանը, ավելի հավանական է, որ Վաշինգտոնում ձեռք են բերվել փոխընդունելի պայմանավորվածություններ: Նման եզրակացությունը պայմանավորված է հետևյալով. Թրամփ-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո գագաթնաժողովին մասնակցող ԱՄՆ Կոնգրեսի Սենատի իրավաբանական կոմիտեի նախագահ, հանրապետական Լինդսի Գրեմը «հանկարծակի» արգելափակեց ամերիկյան Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունումը:
Չի բացառվում, որ այդ թվում և հենց Վաշինգտոնի կողմից այդ «լայն ժեստի» փոխարեն Անկարան համաձայնել է, որ Եփրատի արևելյան ափին Վաշինգտոնի ենթակայության տակ գտնվող քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» հիման վրա ստեղծվի տեղական վարչություն, որը կվերակհսկի խոշոր նավթահանքերը:
Ակնհայտ է, որ այսօր Անկարան փորձում է մանևրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Էրդողանը լավ է յուրացրել ներկա աշխարհաքաղաքական դասավորվածությունը: Հենց իրենց շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում առաջ տանելու համար և´ Վաշինգտոնը, և´ Մոսկվան միանշանակ ունեն Թուրքիայի աջակցության կարիքը:
Անկարան իր հերթին հասել է լրջագույն առավելությունների: Մասնավորապես դա վերաբերում է Մոսկվայի և Վաշինգտոնի համաձայնությանը` թուրքական ուժերի` սիրիական սահմանամերձ տարածքներ ներխուժելու, և համապատասխանաբար, այնտեղից սիրիական քրդերի ռազմականացված ջոկատների` սահմանից դեպի երկրի խորքերը դուրս բերելու վերաբերյալ: Սակայն հաշվի առնելով Էրդողանի զգացմունքայնությունն ու անհամակարգվածությունը, ինչպես նաև իմպուլսիվ որոշումներ կայացնելու հակվածությունը` կարելի է կանխատեսել, որ ներկա իրադրությունը հազիվ թե երկար պահպանվի:
«Լավ ընտանիք», «սիրել և սիրված լինել», «խաղաղություն». ո՞րն է հայ կանանց երջանիկ լինելու գրավականը
Հայաստանում մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ․ մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, իսկ ապրիլի 7-ը, ըստ Հայ...