Բիշքեկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջերս կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես մշտապես ասել և ասում եմ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շատ կարևոր գործոն է` պահպանելու մեր տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը»:
Ուշադրություն է գրավում այն փաստը, որ Հայաստանի ղեկավարի տվյալ հայտարարությունը հնչել է գագաթնաժողովի ավարտից մի քանի օր անց «Россия-1» հեռուստաալիքով «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրի եթերում:
Անդրկովկասում ՀԱՊԿ-ի դերի վերաբերյալ Փաշինյանի պնդումների` ռուսական գլխավոր հեռուստաալիքով հանրայնացնումը այնքան էլ պատահական չէ: Վերջին շրջանում երկու երկրները հստակ քայլեր են ձեռնարկում ռազմատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը լիովին բնական է:
Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որը հանդիսանում է այդ ռազմաքաղաքական կազմակերպության անդամ: Հարավային ուղղությունը, որը հիմնականում հիմնվում է հենց Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա, ՀԱՊԿ ռազմավարության երեք հիմնական ուղղություններից մեկն է: Արդեն մի քանի տարի է` Հայաստանի տարածքում գործում է հայ-ռուսական միացյալ զորախումբը, ինչպես նաև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը:
ՀԱՊԿ-ը հավասարակշռող և զսպող դեր է կատարում Անդրկովկասում և նրանից հարավ, որտեղ այսօր, ինչպես հայտնի է, բարդ աշխարհաքաղաքական իրադրություն է: Համաձայն Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի պնդման` «ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն տվեց Հարավային Կովկասում հաստատելու կայունություն և կանխելու համաշխարհային ճգնաժամերը»:
Նման պնդմանը կարելի է համաձայնել, քանի որ Հայաստանի 4 հարևաններից երկուսը` Թուրքիան և Ադրբեջանը, ակնհայտորեն թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ: Ընդ որում` Թուրքիան ՆԱՏՕ-ի` ՀԱՊԿ-ի աշխարհաքաղաքական մրցակցի անդամ-երկրներից ամենաուժեղ բանակն ունեցողների շարքում է:
Ավելի վաղ շվեդական Nordic Monitor-ը հրատարակել էր գաղտնի նյութեր, որոնք վկայում էին Թուրքիայի ռազմական ղեկավարության` Oğuztürk գաղտնանվամբ գործողության շրջանակներում Հայաստանին օդային հարվածներ հասցնելու պլանների մասին: Օդային հարված հասցնելու պլանը հաստատվել է 2001թ. հուլիսին: Ինչպես նշում է հրատարակությունը, այդ պլանները դեռևս մնում են ուժի մեջ:
Հայաստանի և Արցախի դեմ ռազմական ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներ են մշտապես հնչում նաև Բաքվի ամենաբարձր մակարդակում: Նման իրավիճակում Հայաստանի համագործակցության խորացումը ՀԱՊԿ-ի շրջանակներում և հատկապես դաշնակից Ռուսաստանի հետ նրա համար անվտանգության ապահովման հիմանական գործոններից մեկն է մնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







