«Նման տեղեկատվություն չունեմ, ունենամ էլ չեմ տա, թե որտեղ է գտնվում իմ պաշտպանյալը, քանի որ ներկա պահին դատարանի գործունեությանը ակնհայտ խոչընդոտող անձիք կան, որոնց արարքների քրեաիրավական գնահատականը մինչև հիմա չի տրվում»։ Այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ մեկնաբանելով ավելի վաղ հրապարակած այն տեղեկատվությունը, որ Մանվել Գրիգորյանին հնարավոր է` «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեն տուն։
Մեկնաբանելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով կալանքից ազատ էր արձակվել գեներալը, իսկ խափանման միջոց ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, փաստաբանը նշեց, որ դրանով որոշ գերատեսչությունների ղեկավարներ ուզում են ապահովագրել իրենց:
Այսօր՝ հունվարի 16-ին գործի մասին խոսել է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանական թիմի մյուս ներկայացուցիչը՝ Լևոն Բաղդասարյանը:
Գրիգորյանի պաշտպանը, խոսելով իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխության մասին, նշել է, որ իրենք տևական ժամանակ բարձրացրել են խափանման միջոց կալանքի՝ ԱԺ նախկին պատգամավորի առողջական վիճակի հետ անհամատեղելիության հարցը։
Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի գործն ուղարկվել է Մարդու իրավուքների եվրոպական դատարան և գտնվում է նրանց ուսումնասիրման տիրույթում և դատարանի կայացրած երեք միջանկյալ որոշումներից մեկը վերաբերում էր նրան, որ առաջնահերթության կարգով այդ գործը պետք է քննվի:
«Մարդու իրավուքների եվրոպական դատարան մեկ գանգատ են ուղարկել և այն վերաբերում է անօրինական կալանքին և խոշտանգման փաստին»,- ասաց Բաղդասարյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ չեն պատրաստվում բողոքը հետ կանչել։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։ ԱԺ նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել 6 հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Մանվել Գրիգորյանը հունվարի 15-ին դատախազության միջնորդությամբ հրավիրված արտահերթ նիստում ազատ արձակվեց՝ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







