Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 24-25-ը այց կկատարի Ադրբեջան: Բաքվում տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան Բարձրագույն մակարդակի ռազմավարական գործընկերության խորհրդի հերթական նիստը: Այցի ընթացքում տեղի կունենա թուրքական առաջնորդի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ:
Երկու երկրների միջև փոխհարաբերություններն արդեն հասել են ռազմավարական միության մակարդակի: Իլհամ Ալիևը մշտապես հայտարարում է, որ այսօր «Այսօր Ադրբեջանը և Թուրքիան աշխարհում միմյանց ամենասերտ ընկերներն են, ամենամոտ դաշնակիցները»: Եվ այս առումով չափազանց կարևոր դեր է կատարում 2010թ. հիմնադրված Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհուրդը, որն իրենից ներկայացնում է երկու երկրների նախարարների ընդհանուր կաբինետի որոշակի ձև: Հավանաբար կարելի է կանխատեսել, որ Բաքվում նախատեսվող նիստը կդառնա Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմաքաղաքական և տնտեսական երկխոսության ընդլայնման հերթական վկայությունը:
Ինչ վերաբերում է հենց ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, ինչպես նշում են վերլուծաբանները, ներառում է հետևյալ ուղղությունները.
1.Ադրբեջանին թուրքական և ՆԱՏՕ-ի զենքի մատակարարումը, ինչպես նաև դրանց համատեղ արտադրության հիմնումը,
2.ադրբեջանական զինվորական կադրերի պատրաստումը Ադրբեջանում, ինչպես նաև Թուրքիայի ԲՈՒՀ-երում և ուսումնական կենտրոններում թուրք խորհրդականների և հրահանգիչների մասնակցությամբ,
3.Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի աշխատանքում թուրքական բարձրագույն սպայական կազմի խորհրդատվական մասնակցությունը,
4.Հետախուզության ստացումն ու համատեղ վերլուծությունը,
5.Բոլոր տեսակի զինված ուժերի համատեղ ուսումնառությունն ու զինավարժությունները,
6. Ադրբեջանական բանակի կառուցվածքային փոփոխություններին աջակցությունն ու վերազինումը:
Անկարա-Բաքու դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը էլ ավելի է խորացնում բաժանարար գծերը Հարավային Կովկասում: Խոսքն այն մասին է, որ թուրք-ադրբեջանական դաշինքն աստիճանաբար ձևափոխվում է զինված ուժի նոր կենտրոնի, որը կարող է դառնալ տարածաշրջանում լրջագույն ապակայունացնող գործոն` առավել ևս գտնվելով սիրիական Իդլիբ շրջանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ներկայումս նշանակալիորեն սրվել է իրադրությունը:
Վերջին օրերին այստեղ տեղի են ունենում բաց մարտեր թուրքական էքսպեդիցիոն ուժերի և սիրիական կառավարական զորքերի միջև, որոնց աջակցում է Ռուսաստանը:
Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումներում նման սուր «հակասությունը» կարող է հանգեցնել ռուս-թուրքական հարաբերությունների լրջագույն սառեցման: Եթե փաստ դառնա Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական վստահության մակարդակի նվազումը, դա բացասական ազդեցություն կունենա իրադրության վրա ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Կովկասում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Ադրբեջանական ղեկավարությունը կարող է խստացնել իր դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններում: Բացառված չեն նաև Բաքվի կողմից Արցախի Հանրապետության դեմ նոր ուժային գործողությունները, ինչը կհանգեցնի Հարավային Կովկասում ընդհանուր իրավիճակի ապակայունացմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







