ՀՀ կառավարությունը փոշիացրել է շուրջ 206 մլն դոլար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետը ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), երբ այդ գումարները կարելի էր ուղղել բուն վարակի տարածումը կանխելու համար, մատնանշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրները այդքան գումար չեն բաժանել»,- գրել է Պարսյանը։
Տնտեսագետը հիշեցրել է, որ դեռ մարտ 23-ին ՀՅԴ Գերագույն մարմինը ՀՀ կառավարությանն առաջարկել էր պետական միջոցները ծախսել հիվանդների բուժման, կարանտինային պայմանների ապահովման և պարենավորման վրա:
«Առհասարակ, անհնար է և հիմարություն կարանտինի պայմաններում խրախուսել տնտեսական ակտիվությունը: Ցավոք, կառավարությունը, տուրք տալով իր պոպուլիստական գործելաոճին, անտեսեց բոլոր առաջարկությունները և օգնության ձեռքերը: Ներկայումս ճգնաժամը ավելի է խորանում, իսկ կառավարության զուտ ցանկությունը բավարար չէ խնդիրները հաղթահարելու համար: Հարկավոր է օր առաջ ապահովել ազգային ներուժի համախմբում` մի կողմ թողնելով անձնական և քաղաքական բոլոր նկրտումները»,- գրել է Պարսյանը։
https://www.facebook.com/parsyan.suren/posts/2982806208421294
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







