Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի գործով նախաքննությունը, հայտնել է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նրա նկատմամբ կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ և արգելվել է երկրից դուրս գալ։
Քննիչների տվյալներով՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից 2022 թվականին կայացրած անարդար դատական որոշումը, օտարել են ավելի քան 38 մլն դրամ (մոտ 100 000 դոլար) արժողությամբ անշարժ գույք և լվացել են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Նոյեմբերին Նաիրա Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել գիտակցաբար անարդար դատական որոշում կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել էին՝ մինչև քրեական վարույթի ավարտը:
Մանվել Գրիգորյանը մահացել էր 2020 թվականին։ Նա 2018-ի իշխանափոխությունից հետո մեղադրվում էր ապօրինի զենք, զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ինչպես նաև հարկեր վճարելուց խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:




































