Ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լեյտենանտ Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադաի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, շորթում կատարելու և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







