Ղրիմի կամրջի պայթյունի գործով անցնող երեք հայազգի մեղադրյալի՝ Արտյոմ Ազատյանին, Գեորգի Ազատյանին և Արթուր Թերչանյանին, դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել, հայտնել է «Ռիա Նովոստին»։
Ռոստովի հարավային շրջանի զինվորական դատարանը նույն պատիժն է սահմանել նաև Օլեգ Անտիպովի, Ալեքսանդր Բիլինի, Վլադիմիր Զլոբանի, Դմիտրի Տյաժելիխի և Ռոման Սոլոմկոնի նկատմամբ։ Մեղադրյալների պաշտպանները հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը։
Դատարանի վճռով նրանք բոլորն էլ մեղավոր են ճանաչվել ահաբեկչություն իրականացնելու, ինչպես նաև պայթուցիկ սարքի ապօրինի ձեռքբերման և տեղափոխման համար։ Թերչանյանին առաջադրվել է նաև պայթուցիկ սարքի մաքսանենգության մեղադրանք։
Գործը վերաբերում է 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթեցմանը։ Հետաքննությամբ պարզվել է, որ խմբի անդամները պայթուցիկը հասցրել են կամրջի տարածք բեռնատարով։ Վարորդը և չորս մարդ զոհվել էին պայթյունի հետևանքով։


























