Լոռու մարզի Վանաձոր քաղաքում օգոստոսի 9-ին հարուցված սպանության փորձի գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ կողմերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Մ.Կ.-ն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Կ.Բ.-ի կրծքավանդակի և պարանոցի շրջանին՝ առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որից հետո Ն.Բ.-ն ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի գործադրմամբ կրակոցներ է արձակել Մ.Կ.-ի և Է.Բ.-ի ուղղությամբ:
Ն.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառել, պատժվում է մինչև 10 տարվա ազատազրկման), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկման) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն, պատժվում է մինչև 5 տարվա ազատազրկման) և Մ.Կ.-ի նկատմամբ՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ, պատժվում է մինչև 15 տարվա ազատազրկման):
Հոկտեմբերին լրատվամիջոցները հայտնել էին, որ Վանաձորում դատական նիստի ժամանակ ներկաներից մեկը դանակահարել է մեղադրյալին և փախել։ Shamshyan.com-ը նշել էր, որ վիրավորը Ստեփանավանի 22-ամյա բնակիչ Էրիկ Դ.-ն է։ Կայքի տվյալներով՝ տուժածը հիվանդանոց էր տեղափոխվել կրծքավանդակի վնասվածքով։






































