Հոկտեմբերի 25-ին Հայաստան մուտք գործող քաղաքացու մոտ հայտնաբերվել է շուրջ 8 մլն ռուբլի կանխիկ գումար, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ իրավապահները պարզել են, որ քաղաքացին մաքսային անցակետով Հայաստան մուտք գործելիս, մաքսային հայտարարագրման ենթակա չհայտարարագրված դրամական միջոցը պահելով իր հագին եղած հագուստի գրպաններում, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7 մլն 990 հզր 100 ռուբլի կանխիկ գումար:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների կամ վճարային գործիքների մաքսանենգություն, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):
Նշվում է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:




































