Լոռու մարզում անչափահաս որդին դանակով հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին, հայտնում է Քննչական կոմիտեն։
Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահաս որդին նման քայլի է գնացել հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով։
Նա խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել՝ վերջինիս արթնանալու և դանակը որդու ձեռքից խլելու պատճառով:
Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանության փորձը), որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Նշվում է, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:





































