Չեչնիայի քաղաքացի Այշատ Բայմուրադովայի սպանությունը կատարած երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտարարել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա փոխանցմամբ՝ գործն առնչվում է Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին (մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 20 տարի ժամկետով):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարել: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, նշել է Ավդալյանը։
Հոկտեմբերի 19-ին Բայմուրադովայի մարմինը բռնության հետքերով հայտնաբերվել էր Երևանում վարձակալված բնակարանում։ Ենթադրվում է, որ Բայմուրադովան, այսպես կոչված, «պատվի սպանության» զոհ է դարձել։
Նոյեմբերի 3-ին բացահայտվել էր Բայմուրադովայի ենթադրյալ մարդասպաններից երկուսի ինքնությունը։ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ղրղզստանում ծնված Կարինա Իմինովան Չեչնիայում ծնված Սաիդ-Խամզատ Բայսարովի ուղեկցությամբ լքել էր այն բնակարանը, որտեղ գտնվել էր աղջկա մարմինը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ երկու երիտասարդն էլ կարողացել են առանց խոչընդոտի լքել Հայաստանը և պաշտոնապես չեն համարվում կասկածյալներ։ ՔԿ-ն չի հստակեցրել, թե արդյոք խոսքը այս անձանց մասին է։





































