ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ տեղեկացնելով, որ իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման համար դիմել է դատարան։
Պատգամավորն ընդգծել է, որ վերջերս սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից ստահոդ լուրեր են տարածվում, որ ինքը մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն ծխախոտ է տեղափոխել։
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել և պաշտոնապես հայտարարել, որ նշված լուրերը մտացածին են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ Իմ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով՝ հայցադիմում եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Ռոբերտի Դանիելյանի, Նարեկ Բագրատի Սամսոնյանի, Գագիկ Լևոնի Համբարյանի և Մարինա Կոլյայի Խաչատրյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջիններիս իմ պատիվը և արժանապատվությունը արատավորող զրպարտչական ու վիրավորական արտահայտությունների համար հերքում տարածել ու հրապարակային ներողություն խնդրել»,- նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







