Զորակոչիկի կողմից ծառայությունից խուսափելու գործով նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերել այն մասին, որ 2021թ․ զորակոչիկի հայրը մի խումբ անձանց հետ միասին օժանդակել է որդու՝ հիվանդության սիմուլյացիայի և խաբեության այլ ճանապարհով ամառային զորակոչից խուսափելու փորձին:
Վերջինիս կողմից հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքերում, քանի որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ որդին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար և մեկնել պարտադիր զինվորական ծառայության:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 6 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու փորձին օժանդակելը):
Ըստ հաղորդագրության՝ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։






































