ՆԳՆ ոստիկանությունից զգուշացրել են արտարժույթի փոխանակման կեղծ հայտարարությունների մասին սոցիալական տարբեր ցանցերում։
Նշվում է, որ այդ հայտարարություններով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։
«Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են մոտենալ նույն վայր։ Հեռախոսակապի միջոցով հանդիպեցնում են վարձույթով ավտոմեքենայի վարորդին և արտարժույթ փոխանակել ցանկացող անձին, որին հանցավորը նախապես ասած է լինում, թե ինքն իբր շատ զբաղված է և գումարը կվերցնի իր մտերիմը՝ նկատի ունենալով վարորդին, որն առևտրի կենտրոնի տարածքում կփոխանակի գումարն ու կվերադառնա, ուստի անհրաժեշտ է գումարը տալ նրան ու սպասել ավտոմեքենայում»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Այնուհետև, ըստ գերատեսչության, վարորդը վերցնում է փոխարկվող գումարը, մտնում է առևտրի կենտրոն և չի վերադառնում։ Այդպիսով՝ քաղաքացին չի ստանում իրեն հասանելիք գումարը։
ՆԳՆ-ն հորդորել է խարդախության զոհ չդառնալու համար արտարժույթի փոխանակում կատարաել միայն ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային գործակալների միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







