Լանջիկ բնակավայրի մոտակայքում 12 մարդու մահվան պատճառ դարձած վարորդը դատապարտվել է ազատազրկման՝ 7 տարի 4 ամիս ժամկետով, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատարանի՝ հոկտեմբերի 20-ի դատավճռով՝ Հ.Պ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով)։
2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Հ.Պ.-ն իր վարած Զիլ-ՄՄԶ-554Մ մակնիշի ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ տրանսպորտային միջոցը դուրս էր բերել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս, ինչի արդյունքում տեղի էր ունեցել բախում «Վոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի հետ՝ անզգուշությամբ առաջացնելով 12 մարդու մահ, 4 անձի առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Նույն թվականի օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ավտովթարի մասնակից-վարորդ Հ.Պ.-ի նկատմամբ, օգոստոսի 20-ին վերջինս կալանավորվել էր։





































