Հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանից ձերբակալված 8 պաշտոնյաներից ևս 2-ը կալանավորվել են, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հավելել են, որ կալանավորվածների թվում է քաղաքի գլխավոր ճարտարապետը (Հենրիկ Գասպարյան-խմբ.):
Պաշտոնյաները կալանավորվել են Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին, ինչի հետևանքով բախումներ էին սկսվել։ Այնուհետ քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որը փորձել էր կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։ Քննչական կոմիտեն ավելի ուշ քրեական վարույթ էր նախաձեռնել, որի շրջանակում հոկտեմբերի 21-ի դրությամբ 33 ձերբակալված կա։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։
Կարդացեք նաև՝
Թյուրիմացությունը կշտկվի․ Փաշինյանը՝ Ղուկասյանի և Միութենական պետության նրա հայտարարության մասին
Չեմ իջնի իրենց մակարդակին․ Ղուկասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Նախապատրաստվում են արհեստական հիմքեր՝ Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու համար․ փաստաբաններ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







