Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տների խուզարկությունից հետո Քննչական կոմիտեի կողմից հրապարակված լուսանկարում նկատվող դիվանագիտական անձնագիրը գործող չէ, Radar Armenia-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
«Քննչական կոմիտեի կողմից հրապարակված նկարում երևացող դիվանագիտական անձնագիրը գործող չէ. այն տրամադրված է եղել 2013 թվականին և դրա վավերականությունը լրացել է 2018 թվականին»,- մանրամասնել են ԱԳՆ-ից։
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել նրա հնչեցրած հայտարարությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։
Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը, թեմի հաշվապահի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Կարդացեք նաև՝





































