Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքները: Այս մասին հայտարարություն է տարածել Նախագահի աշխատակազմի մամուլի ծառությունը։
«Օրենքի նախագծի քննարկման փուլում և այն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացնելուց հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, օտարերկրյա ներդրողներ, իրավաբանական և մասնագիտական հանրության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անհատ քաղաքացիներ իրենց մտահոգությունն են ներկայացրել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ օրենքի սահմանադրականության, դրա կիրառման արդյունքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաև տնտեսության զարգացման, ներդրումային միջավայրի և ֆինանսական կայունության վրա օրենքի հնարավոր բացասական ազդեցության և հետևանքների վերաբերյալ»,-,նշվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ հանրապետության նախագահը մեծապես կարևորում է հանցավորության դեմ պայքարը:
Միաժամանակ նախագահականից ակնկալվում է, որ օրենքը պետք է կիրառվի ընդունման իրավաչափ նպատակին խիստ համապատասխան՝ որպես բացառիկ միջոց առանձնապես բարձր հանրային վտանգավորություն ունեցող հանցագործությունների դեմ պայքարելու համար: Միաժամանակ ընդգծվել է, որ յուրաքանչյուր օրենսդրական նորմի սահմանադրականությունը, համաձայն ՀՀ օրենսդրության, դիտարկվում է դրա բովանդակության և իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից։ Կարևորելով ելակետային այս իրողությունը՝ Հանրապետության նախագահը անհրաժեշտ է համարում հետագայում անդրադառնալ օրենքների կիրառման արդյունքում դրսևորված իրավաընկալումներին ու հնարավոր մեկնաբանություններին։
Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահն ուշադրությամբ հետևելու է օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







