Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել զինծառայող Ս․Հ․-ին ինքնասպանության հասցնելու դեպքի մասին, որի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Նրա նկատմամբ, ըստ ՔԿ-ի, սեռական բնույթի վիրավորանքներ են հնչել:
Նշվում է, որ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային երկու զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։ Ըստ գերատեսչության՝ երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:
«Մասնավորապես՝ երկու զինծառայողներ տարբեր պատճառներով պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել Ս.Հ.-ի հասցեին, այնուհետև խմբով դաժան վերաբերմունք են դրսևորել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում), մեկ անձի նկատմամբ՝ 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում):
Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ նույն օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Փետրվարի 18-ին ՔԿ-ն սպանության հոդվածով քրվարույթ էր նախաձեռնել։






































