ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երկու պաշտոնատար անձ 4,5 մլն դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք է կատարել, հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Երկու պաշտոնյայի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և լիազորությունների դադարեցում։
Ըստ հրապարակման՝ 2022 թվականի ընթացքում գնման հայտերի հիման վրա նշված ՊՈԱԿ-ից մի շարք ԱՁ-ների և ՍՊԸ-ների պարբերաբար փոխանցվել են նախատեսվածից ավել գումարներ, որոնք կանխիկացվել և փոխանցվել են նշված պաշտոնատար անձանց:
Պարզվել է, որ որոշ ապրանքներ ընդհանրապես չեն առաքվել և գնման հայտերով նախատեսված ծառայությունները չեն մատուցվել, սակայն արձանագրվել են կեղծ տեղեկություններ:
Պաշտոնատար անձանցից մեկին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ խոշոր չափերով խարդախությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով), իսկ մյուսին՝ նաև 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով):






































