Արցախին ու Արցախի մեր հայրենակիցներին վերաբերող հարցերն իմ աշխատանքի չերևացող, բայց հիմնարար ուղղություններից են: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ արձագանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավր Տաթևիկ Հայրապետյանի այն հարցին, թե ինչ փուլում է Արցախի հետ համագործակցությունը, և այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվում:
«Ինչո՞ւ չերևացող. որովհետև ՄԻՊ իրավասությունը տարածքային առումով ունի սահմանափակումներ, բայց, քանի որ խոսքը մեր հայրենակիցների մասին է, մենք կարողանում ենք և՛ կոնֆլիկտային, և՛ հետկոնֆլիկտային գոտում մարդու իրավունքներին առնչվող աշխատանքներ տանել: Ես հիմա ներգրավված եմ միջազգային մի հիմնարար նախագծում, որին եվրոպական երկրներ են մասնակցում: Այն վերաբերում է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությանը, այն միկապառավարական հիմքեր ունեցող կառույց է»,- նշեց Թաթոյանը:
Օմբուդսմենի խոսքով՝ իր աշխատանքի սկզբունքն այս հարցում հիմնարար է, քաղաքական չէ:
«Ես սկզբունքային դիրքորոշում ունեմ՝ այդ քննարկումներին պետք է մասնակցի Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը կամ առնվազն քաղաքացիական հասարակությունը։ Կարծում եմ՝ իմ դիրքերն ավելի ամուր են քան քաղաքական բանակցությունների ընթացքը, որովհետև ես հարցին մոտենում եմ մարդու իրավունքների տեսանկյունից»,- նշեց Թաթոյանը՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է մարդու իրավունքների միջազգային քննարկումներին ինքնուրույաբար Արցախի օմբուդսմենի մասնակցությունն ու մասնակից դառնալը եվրոպական մարդու իրավունքների պաշտպանությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







