Երկու ամսով կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման մեղադրանքով, հայտնում է Ekhokavkaza-ն:
Քննության համաձայն՝ նրա հանձնարարությամբ Պաշտպանության նախկին փոխնախարարը և Գնումների վարչության նախկին պետը՝ նախարարի ազգականի մասնակցությամբ, դիտավորյալ ստեղծել են ոչ մրցակցային միջավայր ռազմական հոսպիտալի համար բժշկական սարքավորումների գնման գործընթացում։ Արդյունքում՝ կնքվել են ոչ իրատեսական պայմանագրեր:
Քննությունը նաև բացահայտել է, որ նախկին նախարարը, ազգականի օգնությամբ, փորձել է թաքցնել այս սխեմաների միջոցով ձեռք բերված ակտիվների ապօրինի ծագումը։
Բացի այդ, նախկին նախարարը չի հայտարարագրել իսպանական գույքն իր 2025 թվականի մարտին ներկայացրած պաշտոնական գույքի և եկամուտների հայտարարագրում։ Քննիչների եզրակացությամբ՝ այս անշարժ գույքի ձեռքբերման միջոցով նա յուրացրել է ապօրինի և չհիմնավորված եկամուտ:
Եթե մեղադրանքը հաստատվի, Բուրչուլաձեին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Նախկին պաշտոնյան չի ընդունում մեղադրանքը: Նա իշխող «Վրացական երազանքի» անդամ է, ձերբակալվել է սեպտեմբերի 11-ին։




































