Ամերիկացի ծայրահեղ աջակողմյան ակտիվիստ և պահպանողական մեկնաբան Չարլի Քըրքի սպանության հետաքննության շրջանակում ձերբակալվել և, հետագայում, ազատ է արձակվել երկու մարդ, հայտնել են Յուտայի իշխանությունները, փոխանցում է BBC-ն:
Ըստ իրավապահների՝ պարզվել է, որ նրանք կապ չունեն միջադեպի հետ:
«Այս հրաձգությունը շարունակում է մնալ ակտիվ հետաքննության փուլում»,- ասված է Յուտայի Հանրային անվտանգության վարչության (որն ապահովում է նահանգում իրավապահ մարմինների գործունեությունը- AT) թարմացված հաղորդագրությունում։
Սա «թիրախային հարձակում» է, նշում է վարչությունը՝ հավելելով, որ, հնարավոր է, հրաձիգը կրակել է շենքի տանիքից դեպի բակ, որտեղ Քըրքը մեծ լսարանի առաջ ելույթ էր ունենում։
Մոտ 3000 մարդ ներկա էր միջոցառմանը: Համալսարանը ելույթի համար տրամադրել էր վեց անվտանգության աշխատակից՝ Քըրքի անձնական անվտանգության խմբին զուգահեռ։
Ամերիկացի ակտիվիստն սպանվել էր սեպտեմբերի 10-ին՝ Յուտայի համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: 31-ամյա Քըրքն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազդեցիկ դաշնակիցն էր և Turning Point USA-ի համահիմնադիրը, որը երկրի ամենամեծ պահպանողական երիտասարդական կազմակերպությունն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







