«Հայաստան» դաշինքում քննարկումներ են ընթանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին անվստահություն հայտնելու նախագիծն ԱԺ ներկայացնելու շուրջ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ խմբակցությունում երկմտում են՝ կշահե՞ն, թե՞ կտուժեն նման նախագիծ ներկայացնելով։ Դիրքորոշումը վերանայելու առիթ է դարձել հանրային աղմուկը․ իրենց կարող են մեղադրել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու փոխարեն դատախազին են հայտնում։
Դաշինքի պատգամավորները որոշման մասին թերթին հստակ պատասխան չեն տվել։ Արծվիկ Մինասյանն ասել է, որ քննարկումների փուլում են, սակայն որևէ մտահոգություն չունեն, թե կքննադատվեն։ Արթուր Խաչատրյանը չի ցանկացել այս թեմայով մեկնաբանություն տալ։
Մայիսի 14-ին մամուլը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դժգոհ է Վարդապետյանի աշխատանքից, և սկսել է քննարկել նրա լիազորությունները կասեցնելու հնարավոր տարբերակները։





































