Բացահայտվել են ՆԳՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր, քրվարույթով նախաքննությունն ավարտվել է, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Վարութային գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության երկու աշխատակից իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առևտրային կազմակերպության տնօրենի օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար ստացել են կաշառք։
Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք 2025 թվականի փետրվարի 22-ին ընդունել են ՆԳՆ 150 ստորաբաժանումներում տեղադրված ջեռուցման համակարգերի համար գազի անվտանգության ազդանշանային համակարգերի տեղադրման աշխատանքների մրցույթում տվյալ առևտրային կազմակերպությանը հաղթող ճանաչելու գործընթացը կաշառքի դիմաց կազմակերպելու առաջարկը, որից հետո կազմակերպության տնօրենից որպես կաշառք պահանջել են կնքվելիք պայմանագրի շրջանակում մատակարարվող մեկ միավոր համակարգի՝ 96 000 դրամով տեղադրումից 10%-ը՝ 9600 դրամը։
Բացի այդ, նշված պաշտոնատար անձանցից մեկը ՆԳՆ կարիքների համար նյութական միջոցի ձեռքբերման համապատասխան մրցույթում մեկ այլ առևտրային կազմակերպությանը հաղթող ճանաչելու գործընթացն ապահովելու համար 2024 թվականին կազմակերպության տնօրենից ստացել է կաշառք:
ՀՀ ՆԳՆ պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:






































