Հանրային պաշտպանի գրասենյակն անդրադարձել է նախօրեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի կողմից Ազգային ժողովում ՀՀ փաստաբանների պալատին ուղղված մեղադրանքին, ըստ որի՝ ներքին «հակաիրավական» ակտերով հանրային պաշտպաններին այլ աշխատանք կատարելու արգելք են սահմանել, ինչպես նաև վերջիններիս հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագրեր են կնքել:
«Նախ հարկ ենք համարում հիշեցնել, որ տիկին Կարապետյանը բազմիցս աչքի է ընկել Փաստաբանների պալատին առնչվող հարցերով ցուցաբերած ոչ բարյացակամ և ոչ կառուցողական մոտեցումներով»,-արձանագրել են գրասենյակից:
«Տեղեկացնում ենք, որ այլ գործով իրավական օգնություն ցույց տալու սահմանափակումը պայմանավորված է լրիվ դրույքով հանրային պաշտպանի կարգավիճակով և ունի իրավաչափ նպատակ: Մասնավորապես, հանրային պաշտպանը ֆինանսավորվելով ՀՀ պետական բյուջեի միջոցներից, իրավական օգնություն է ցույց տալիս պետության կողմից օրենքով հստակ սահմանված անձանց շրջանակին (խոցելի խմբեր, անվճարունակ անձինք և այլն)՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային ժամերին (երբեմն, նաև արտաժամ): Հետևաբար, հանրային պաշտպանի կողմից աշխատանքային ժամերի ընթացքում մասնավոր գործերով ծանրաբեռնվածությունն ուղղակի կխոչընդոտի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը,»,-ասվում է Հանրային պաշտպանի գրեսենյակի հայտարարությունում:
Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ հիմք ընդունելով վերոգրյալը պատգամավոր Մարիա Կարապետյանի արտահայտած դիրքորոշումը հիմնավոր չէ, իսկ գնահատականը՝ Փաստաբանների պալատի ներքին իրավական ակտերի անօրինական լինելու վերաբերյալ՝ ոչ կոռեկտ:
Հանրային պաշտպանի գրասենյակից պատասխանել են նաև Կարապետյանի կողմից հնչեցված այն պնդմանը, որին նաև միացել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որ հանրային պաշտպանների հետ սահմանափակ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելը հակասում է աշխատանքի կայունության սկզբունքին: «Հանրային պաշտպանների համար հատկացվող փոխհատուցումը կախված է մեկ այլ սուբյեկտի՝ պետության կամքից: Հաջորդ տարվա բյուջեն, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող միջոցները, հաստատվում են դեկտեմբեր ամսին, և եթե պետությունը որոշի ավելի քիչ միջոցներ տրամադրել ՀՊ գրասենյակին, ապա Փաստաբանների պալատը ստիպված պետք է հաստիքների կրճատման հիմքով համամասնորեն դադարեցնի որոշակի քանակի չափով հանրային պաշտպանների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը (եթե ղեկավարվենք պատգամավորների առաջարկով): Պայմանագրերը դադարեցնելու դեպքում, Փաստաբանների պալատը պարտավոր է աշխատանքից ազատվող հանրային պաշտպաններին վճարել երեք ամսվա չափով միջին աշխատավարձի գումար, որը նախատեսված չի կարող լինել և չի կարող կիրառվել տվյալ տարվա պետական բյուջեով»,-ասվում է պարզաբանման մեջ։
Հանրային պաշտպանի գրասենյակը կոչ է արել պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Հերիքնազ Տիգրանյանին հանրապետության բարձր ամբիոնից ապակողմնորոշող հայտարարություններ չկատարել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







