Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, Վերաքննիչ դատարանում բողոքարկել է «Օպել»-ների վարորդների մասին արտահայտությունից հետո իր դեմ կայացված որոշումը: Բողոքարկման մասին «Հրապարակ» օրաթերթին հայտնել է նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը:
2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը, փողոցային հարցման ժամանակ պատասխանելով Երևանի կենտրոնում կայանելու տարեկան 160 հազար դրամ սակագնի մասին հարցին, հայտարարել էր. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ իրա գեղի «Օպել»-ով»:
Ավելի ուշ քաղաքապետը ներողություն էր խնդրել երևանցիներից հոր խոսքերի համար։ Հուլիսի 5-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարանում հաղթել է Ավինյանի հորը: Դատարանը մասնակի բավարարել է հայցը, հայցվորը որպես փոխհատուցում պահանջել է 500 հազար դրամ, սակայն դատարանը որոշել է վճարել 250 հազար դրամ:






































