Կառավարությունն առաջարկում է արգելել երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից ազատումը տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքերով։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 12-ի նիստում ասել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Կառավարությունը նախագիծը հավանության էր արժանացրել հոկտեմբերի 1-ին։
Մկրտչյանի խոսքով՝ դատական պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ 16 տարին չլրացած երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար մեղադրվող անձինք այդ հիմքերով ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Խոսքը Քրեական օրենսգրքի 200-րդ (16 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելը) և 201-րդ (անառակաբարո արարք կատարելը) հոդվածների մասին է։
Նախարարի տեղակալի ներկայացրած վիճակագրությամբ՝ 2023 թվականին նման 37 գործից 7-ը կարճվել է, 2024-ին՝ 43-ից 4-ը, 2025-ին՝ 29-ից 7-ը։
«Սա բխում է բացառապես երեխայի լավագույն շահերի պաշտպանությունից, քանի որ յուրաքանչյուր երեխայի անվտանգ, առողջ և արժանապատիվ մանկության երաշխավորումը պետության բացարձակ առաջնահերթությունն է»,- ասել է Մկրտչյանը։
Նա պարզաբանել է, որ այս հանցագործություններից տուժում են 16 տարին չլրացած երեխաները, որոնք առանձնապես անպաշտպան կարգավիճակում են և մշտապես գտնվում են պետության հատուկ հոգածության ներքո։
Նախագծով առաջարկվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել 16–18 տարեկան պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվելու համար՝ մինչև երեք տարի ազատազրկում։ Մկրտչյանը նշել է, որ դա անձնական կյանքի միջամտություն չէ, քանի որ նման ծառայություններից օգտվելը վնասում է նաև հանրային բարոյականությանը և սոցիալական հարաբերություններին։ 12–16 տարեկան երեխաների նկատմամբ նման արարքների համար առաջարկվում է ավելի խիստ պատիժ՝ երեքից վեց տարի ազատազրկում։
Նախագիծն արգելում է նաև գործուն զղջալու հիմքով ազատումը երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ շահագործման դեպքում, ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Մկրտչյանի խոսքով՝ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով այդպիսի արգելք չկա 189-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների համար, երբ տուժողը երեխա է կամ անօգնական վիճակում գտնվող անձ, թեև չափահասների դեպքում այն գործում է. նախագիծը լրացնում է այդ բացը։
Մկրտչյանն ավելացրել է, որ նախարարությունն ընդունել է Ազգային ժողովի վերլուծական և փորձագիտական վարչության առաջարկները։ Մասնավորապես՝ 12–16 տարեկան երեխայի ծառայություններից օգտվելու համար ավելի խիստ պատասխանատվությունն առաջարկվում է նախատեսել Քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի երրորդ մասում, քանի որ այստեղ պաշտպանության հիմնական օբյեկտը երեխայի սեռական անձեռնմխելիությունն է, այլ ոչ թե հասարակական կարգն ու բարոյականությունը։
ՆԳՆ-ն դեռ 2024 թվականի դեկտեմբերին հրապարակել էր օրենսդրական նախաձեռնությունը՝ պարզաբանելով, որ իրավակիրառ պրակտիկայում արձանագրվել են 14-16 տարեկան երեխաների նկատմամբ հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքեր՝ գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով։ Նախարարության գնահատմամբ՝ նման պրակտիկան հակասում է երեխայի լավագույն շահերին և Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







