ԱՄՆ նախկին սենատոր Ռոբերտ Քենեդիի ընտանիքի ինը անդամ դիմել է դատարան՝ պահանջելով արգելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած՝ 76 մետր (250 ֆուտ) բարձրությամբ հաղթական կամարի կառուցումը։ Նրանք պնդում են, որ կառույցը ստվեր կգցի Արլինգթոնի ազգային գերեզմանատանը գտնվող իրենց հարազատների շիրիմների վրա, հայտնել է Associated Press-ը։
Նոյեմբերի 10-ին ընտանիքի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել՝ միանալու շինարարության դեմ արդեն ընթացող երկու դատական գործերին։ Նրանք սենատոր Ռոբերտ Քենեդիի զավակներն ու թոռներն են և խնդրում են դատարանին արգելել շինարարությունը։ Նրանց շահերը ներկայացնում է Democracy Defenders Fund-ը։ Դիմումին չի միացել ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը, ով ազգականների հետ խզված հարաբերություններ ունի։
Ընտանիքի ներկայացուցիչների գնահատմամբ՝ կամարը կփակի դեպի Քենեդիների շիրիմները և նախագահ Ջոն Քենեդիի գերեզմանի անմար կրակը բացվող տեսարանը և կփոխի հուշավայրի պատմական միջավայրը։ Նրանց խոսքով՝ կամարը Լինքոլնի հուշահամալիրից ավելի քան երկու անգամ մեծ է։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել Լինքոլնի հուշահամալիրի և Արլինգթոնի գերեզմանատան միջև։
The Washington Post-ի վերլուծության տվյալներով՝ կամարի ստվերը տարվա 284 օրը կընկնի գերեզմանատան շիրիմների վրա, իսկ Քենեդիի անմար կրակի վրա՝ 18 օր, ընդհանուր առմամբ անցնելով ավելի քան 75 հազար շիրիմի վրայով։ Ազգային զբոսայգիների ծառայության գնահատմամբ, ինչպես գրում է The New York Times-ը, կամարը կփակի նաև Քենեդիների շիրիմից և Արլինգթոն հաուսից բացվող տեսարանը։
Դաշնային դատավոր Տանյա Չաթքանը նոյեմբերի 5-ին արդեն 14 օրով արգելել էր շինարարական աշխատանքների մեկնարկը՝ Մայրաքաղաքի պլանավորման ազգային հանձնաժողովի վերջնական հավանությունից ժամեր անց։ Արլինգթոն շրջանի խորհուրդը նույնպես հայց է ներկայացրել Վիրջինիայի Արևելյան շրջանի դաշնային դատարան։
Սպիտակ տան խոսնակ Դեյվիս Ինգլն ասել է, որ «ցավալի է տեսնել, որ Քենեդիների ընտանիքի որոշ անդամներ միացել են դատական գործընթացին», քանի որ նախագիծը նախատեսված է Արլինգթոնում հանգչող հերոսներին պատվելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







