ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը։ Այս մասին տեղեկություններ է հաղորդել «Փաստինֆո» կայքը։ ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեև Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։
Բացի այդ, կայքի փոխանցմամբ, ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։
Քիչ առավ հայտնի է դարձել, որ այս պահին խուզարկություն է կատարվում նաև «Յուքոմ» ընկերության նորանշանակ տնօրենի՝ Արա Խաչատրյանի, տանը։ Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։
Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները՝ խուզարկություններ են կատարվել Խաչատրյանների բնակարաններում, բիզնես-գրասենյակներում։ Բացի այդ՝ նոր մեղադրանք է առաջադրվել Գ.Խաչատրյանին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







