ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի Քրեական օրենսգրքում փոփոխություներ կատարելու առաջարկը։ Առաջարկվում է՝ քրեական պատասխանատության վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում: Այսինքն, սահմանադրական կարգը տապալած կամ այդպիսի փորձ կատարած անձին հնարավոր լինի ենթարկել քրեական պատասխանատվության՝ անկախ այն բանից, թե երբ, քանի տարի առաջ է կատարվել հանցագործությունը:
«Այսինքն՝ 20-30 տարի հետո էլ, եթե բացահայտվեց այս կամ այն պաշտոնատար անձը մեղավոր է այս հանցագործության մեջ, ապա պետությունն ի դեմս իրավապահ մարինների՝ որևէ արգելող հանգամանք, խոչընդոտ չունենա այդ անձանց նկատմամբ մեղադրանք ներկայացնելու, քրեական պատասխանատվություն հարուցելու, մեղավոր ճանաչելու և պատժելու համար: Այդ արարքներից մեկը, իմ՝ որպես նախագծի հեղինակի, անպայման պետք է ներառել վաղեմություն չճանաչող արարքների մեջ, դա սահմանադրական կարգի տապալումն է»,- ասաց Պետրոսյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ չնայած նախագիծը կարող է մեծ հնչեղություն ստանալ, սակայն իրավաբանական աշխարհը դրական են արտահայվել:
«Սահմանադրական կարգի տապալումն այն հոդվածն է, որում մեղավոր անձի համար օրենքը վաղեմություն չպետք է ճանաչի»,- ասաց նա:
Անդրադառնալով կառավարության դիրքորոշմանը՝ Պետրոսյանը նշեց, որ այն բացասական է: Նա նկատեց, որ միշտ իր բոլոր նախագծերին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս։
Պետրոսյանը նշեց, որ նախագիծը որևէ մեկի դեմ ուղղված չէ։ Նա հավաստիացրեց, որ սա ուղղված է ապագային:
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը պատգամավորից հետաքրքրվեց, արդյո՞ք ճիշտ է հասկանում, որ Պետրոսյանի համար հանրային վտանգավորության տեսնակյունից սահմանադրական կարգի տապալումն ավելի վտանգավոր հանցագործություն է, քան պետական դավաճանությունը կամ լրտեսությունը:
Ի պատասխան՝ պատգամավորն ասաց, որ պետական դավաճանության բերած վնասը կարող է միանգամից երևալ, ակնհայտ լինել, իսկ սահմանադրական կարգի տապալման բերած վնասը կարող է այդպես արագ չբացահայտվել, ակնհայտ չլինել:
Դիտարկմանը՝ թե ուսումնասիրել է արտասահմանյան երկրների փորձը, Պետրոսյանն ասաց, որ որևէ երկրի փորձ չի ուսումնասիրել:
«Վերջապես, մեր վարչապետը սիրում է չէ՞ ասել՝ այդ խնդիրները սկզբում մեր գլխում պետք է հաղթահարենք: Ժողովուրդ, եկեք մեր գլխում հաղթահարենք, որ անկախ պետություն ենք ու պարտադիր չէ, որ ներպետական օրենսդրությունը, որի նպատակը ներքին և արտաքին անվտանգության պաշտպանությունն է, տեսնենք՝ Մոզամբիկում նման բան կա, թե չէ: Մեր արտաքին մարտահրավերները շատ մեծ են, իմ ինչի՞ն է պետք, թե հարավաֆրիկյան կամ թեկուզ եվրոպական երկրում կա նման բան, թե ոչ»,- ասաց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







