Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կաշառք ստանալու հերթական առերևույթ դեպքը, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ստացված փաստական տվյալների համաձայն, պաշտոնատար անձ հանդիսացող՝ «Ստանդարտների և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության զանգվածի և անկյունագծային չափումների լաբորատորիայի վարիչը, պաշտոնատար անձ հանդիսացող նույն լաբորատորիայի մասնագետների հետ նախնական համաձայնությամբ, 2019թ. կեսերից մինչև 2020թ. ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում, ծառայության գծով թողտվության դիմաց՝ ստուգաչափման արդյունքներում հայտնաբերված խախտումները չարձանագրելու և ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար, ստացել են տարբեր չափերի կաշառք: Իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հավաքված կաշառք գումարներից հիշյալ ՓԲ ընկերության լաբորատորիայի վարիչին հասանելիք բաժինը նրան ենթակա աշխատակիցները փոխանցել են վերջինիս՝ իր աշխատասենյակում, որի ժամանակ նշված անձինք բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, կաշառք ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







