Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին՝ նշելով, որ աշխատակազմում ստեղծել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: Հայտարարությունում ասվում է.
«Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը:
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 13 բանավոր և գրավոր դիմում-բողոք, որոնք վերաբերում են կանանց, երեխաների և մեկ տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելուն:
Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է նման 5 ահազանգ: Դրանից բացի, պետք է հաշվի առնենք, որ այս դեպքերն ունեն լատենտային կամ թաքնված բնույթ։
Ուստի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծել եմ համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբ:
Աշխատանքային խմբին հանձնարարված է հատուկ ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերին: Ընդ որում, իրականացվում է ինչպես գրավոր ու բանավոր բողոքների քննարկում, այնպես էլ ընդհանուր մշտադիտարկում (հրապարակումներ, պետական մարմինների աշխատանք և այլն):
Մենք անմիջական կապ ենք պահպանում իրավապահ մարմինների և հասարակական կազմակերպությունների մեր գործընկերների հետ. կիրականացվի տեղեկությունների առավել ակտիվ փոխանակում և տեղի կունենան համատեղ քննարկումներ»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







