ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իրավական դիրքորոշումները հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ։ Այս մասին Թաթոյանը գրառում է արել իր Ֆեյսբուքյան էջում։
Մարդու իրավունքների պաշտպանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ենթարկել է ուսումնասիրության հրատապության կարգով:
Մարդու իրավունքների պաշտպանի նախնական գրավոր առաջարկություններն ու դիտողությունները մարտի 28-ին՝ շաբաթ օրը ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ մանրամասները փոխանցվել են մարտի 29-ին՝ կիրակի օրը տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:
«Այդ քննարկումների ընթացքում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող առաջարկների և դիտողությունների մի մասն ընդունվել է: Այդուհանդերձ, նախագծի դրույթների առնչությամբ շարունակում են առկա լինել հարցադրումներ ու նկատառումներ, որոնք ունեն նաև սկզբունքային նշանակություն»,- գրել է ՄԻՊ-ը։
Հաշվի առնելով, որ հարցը հասկանալիորեն ձեռք է բերել հանրային մեծ հետաքրքրություն ինչպես սոցիալական մեդիայում, այնպես էլ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում և առաջացրել է մարդու իրավունքներին առնչվող մտահոգություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակել իր մոտեցումներն ու առաջարկությունները նախագծով սահմանվող կարգավորումների վերաբերյալ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.
- Նոր կորոնավիրուսի (COVID-19) արագ տարածումը բարդ մարտահրավերներ է առաջ բերել աշխարհի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար: Այս մարտահրավերներները բնույթով արտասովոր են, դրանք նախկինում գոյություն չեն եղել և, հետևաբար, պետությունները հաճախ առաջին անգամ են բախվում դրանց՝ չունենալով անհրաժեշտ միջոցներ ու անգամ հստակ պատկերացումներ այն մասին, թե ինչպես կանխարգելել ու արդյունավետ պայքարել վարակի տարածման դեմ:
- Ինչպես առողջապահության, այնպես էլ տարբեր բնագավառներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) իրենք են նշում, որ պետությունները կանգնել են բարդությունների առաջ, որ մինչ այս վարակը չեն արձանագրվել: Այդ կազմակերպություններից յուրաքանչյուրն իր իրավասությանն առնչվող հարցերով հրապարակել է իրավիճակից թելադրվող կանոններ ու այդ նույն սկզբունքով մշակել վարակի կանխարգելման, դրա դեմ պայքարի վերաբերյալ սեփական դիրքորոշումներն ու քայլերը: Ակնհայտ է, որ վարակի առաջ բերած վտանգներն այնքան են ահագնացել, որ նույնիսկ հավակնում են փոխել համաշխարհային քաղաքականության առաջնահերթություններ:
- Աշխարհի պետությունները ձեռնարկում են տարբեր միջոցներ (սոցիալական հեռավորության կամ հիգիենայի պահանջների ապահովում, առողջապահական համակարգի հարմարեցում իրավիճակին և այլն), որոնք ուղղված են վարակի կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին:
Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն, օրինակ, իրականացնում են միջոցառումներ, որոնք այս կամ այն չափով սահմանափակում են Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները։ Այս սահմանափակումներն ուղեկցվում են Եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածով սահմանված կարգով շեղումների վերաբերյալ հայտարարություն անելով: - Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը ստեղծել է համապետական նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթ կապված են ողջ բնակչության առողջության պաշտպանության հետ ու կարող են առաջ բերել երկրի անվտանգությանն առնչվող հարցեր: Ցավոք, մեր երկրում նոր կորոնավիրուսի տարածման պաշտոնական տվյալները վկայում են, որ այն դրսևորում է աճի և վիճակի վատթարացման միտումներ. արդեն իսկ արձանագրվում են վիրուսով երիտասարդների վարակման ու անգամ նրանց առողջական ծանր վիճակի, ինչպես նաև վարակվածների մահվան դեպքեր: Այս ամենն իր հերթին հանգեցնում է մարդկանց մեկուսացումների: Իրականացվող միջոցառումներն էլ իրենց հերթին մարդկանց համար առաջ են բերում սոցիալ-տնտեսական և այլ բնույթի սահմանափակումներ:
- Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում ու առավել ևս հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետությանն ակնհայտորեն անհրաժեշտ են նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի արդյունավետ միջոցներ: Պետությանն անհրաժեշտ են գործուն իրավական մեխանիզմներ, որոնք կոնկրետ իրավիճակներում կապահովեն անհրաժեշտ ճկունություն և արձագանքման օպերատիվություն: Ի վերջո պետության պոզիտիվ պարտավորության գաղափարն է պահանջում արագ լուծում տալու ստեղծված խնդիրներին և երաշխավորելու հանրային առողջության պաշտպանությունը:
- Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նկարագրված սպառնալիքները բնակչության առողջությանը, ինչպես նաև մարդու իրավունքներին և երկրի տնտեսական կյանքին ուղղված մարտահրավերները պահանջում են հասարակության համախմբում և միասնություն:
Այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականներն են, որ կարող են ապահովել մեր առաջ ծառացած խնդիրներների սպառիչ լուծում միասնական ջանքերով:
Օբյեկտիվ պատճառներով առաջ եկած ու մարտահրավերներով լի այս պատասխանատու շրջափուլը հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրն իր առաջ կանգնած պարտականությունը պետք է կատարի լիարժեք՝ իրեն վերապահված կարգավիճակին համապատասխան:
Այս կարևոր սկզբունքները աշխատանքի այն կանոններից են, որոնցով Մարդու իրավունքների պաշտպանը ղեկավարվում է մշտապես. դրանք առավել արդիական բնույթ են ստացել Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու առաջին պահից սկսած:
ՄԻՊ-ի դիտարկումներն ամբողջությամբ ընթերցեք հետևյալ հղմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







