ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՎԾ մամուլի ծառայությունը։
Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ: Մասնավորապես, կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ առանց անշարժ գույքի կամ գրավի: Բացի այդ, կազմակերպությանը բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն դրամ գումարից առնվազն 124 մլն դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:
Կազմակերպության կողմից թույլ տրված պայմանագրային և ծրագրային շեղումների հիմքով Հիմնադրամը իրավունք է ունեցել լուծել ներդրման պայմանագիրը՝ հետ պահանջելով իր կողմից ներդրված գումարը, սակայն Հիմնադրամի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել, նույն կազմակերպությանը տրամադրվել է նաև 120 մլն. դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան։
Մեկ այլ Կազմակերպության հետ նախկինում նախաներդրումային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրված շուրջ 191 մլն. դրամ գումարի վերադարձման փոխարեն Հիմնադրամի կողմից կնքվել է բաժնեմասնակցային ներդրման պայմանագիր:
Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







