ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան առաջիկայում Սարգսյանի գործով կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով։ Այս մասին Մակինյանը գրառում է կատարել իր Ֆեյսբուքյան էջում։
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով»,- գրել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 25-ին։
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թ․ ապրիլի 9-ից մինչև 2018 թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







