ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին ղեկավար, հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու Ռուսաստանի հնարավոր քայլերի մասին հարցին։ Նա խորհուրդ է տվել այս հարցերն ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին, քանի որ, ըստ դիվանագետի, այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ են։
«Նշված քաղաքացիները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանցից ոմանք հրաժարվել են Ռուսաստանի քաղաքացիությունից, իսկ մյուսները սկզբում ունեցել են միայն Հայաստանի քաղաքացիություն։ Այսօր նշված անձանցից ոչ ոք Ռուսաստանի քաղաքացիություն չունի։ Մեզ հետ ոչ ոք չի կապվել։ Մենք ոչ մի դիմում չենք ունեցել՝ ֆորմալ, ոչ ֆորմալ, եթե տեղեկատվական դաշտին չհետևենք»,- նշել է ռուս դիվանագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Արցախի երեք նախկին նախագահների և խորհրդարանի խոսնակի ձերբակալության մասին:
Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։ Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







