Սեպտեմբերի 7-ին ձերբակալված բլոգեր Միկա Բադալյանը և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության թղթակից Աշոտ Գևորգյանը, ազատ են արձակվել, հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննչական գործողություններից հետո պարզ է դարձել, որ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը կատարվածի հետ առնչություն չեն ունեցել։
Նույն գործով ձերբակալվածներ Ա.Մ.-ն և Մ.Ն.-ն հայտնել են, որ ապօրինի զենքը, առանց Ա.Գևորգյանին տեղեկացնելու փաթեթի պարունակության մասին, իրենք են դրել վերջինիս պատկանող «SUBARU FORESTER 2.5» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Քննությամբ նաև պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալված Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն Ա.Գևորգյանի հետ գտնվել են նույն ավտոմեքենայում:
Ձերբակալված Ա.Գ.-ն, Մ.Բ.-ն և Ն.Ք.-ն, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվել են արգելանքից:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է 7 անձ, որոնց թվում են բլոգեր Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։ Ավելի ուշ Հայաստանում ՌԴ դեսպանատունը մտահոգություն հայտնեց Բադալյանի և Գևորգյանի կալանավորման կապակցությամբ։ «Россия Сегодня» մեդիա խումբը հայտարարեց, որ Գևորգյանի կալանավորումը, հատկապես հայ-ռուսական մեդիա ֆորումի ֆոնին, «ամենապարտադրող հիմնավորում է պահանջում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







