Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս որպես կաշառք 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։ Պարզվել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից։
Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել նաև պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից։ Պոլիկլինիկայի տնօրենը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու ձերբակալվել։ Դեպքի առթիվ գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
ՀՀ ոստիկանություն
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







