ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 104 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Գործող կարգավորման համաձայն՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե հինգ տարվա կտրվածքով ամեն տարվա 183 օրը մշտապես չեն բնակվել ՀՀ-ում:
Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար, սակայն, այս արտոնությունը տրվում է բացառապես այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ հաշվառված չեն Հայաստանում: Այսինքն՝ եթե անգամ քաղաքացին 10 տարի բացակայել է ՀՀ-ից, բայց շարունակում է մնալ այստեղ հաշվառված, չի կարող օգտվել այս արտոնությունից: Նախագծով սահմանվում է, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, ստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, ինքը կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում:
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրվա ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտրվի տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







