ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ է ուղարկել դատախազություն: Այս մասին հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, դատախազը գործն ուղարկել է հատուկ քննչական ծառայություն՝ լրացուցիչ քննության: Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոխել մեղադրյալին առաջադրված մեղադրանքը և նոր մեղադրանքներ առաջադրել։ Մասնավորապես՝ ըստ դատախազության՝ մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Նշենք, որ ՀՔԾ-ն 13.12.2019թ․-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ անջատված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: 13.12.2019թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







