«Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը շինծու քրեական գործով արդեն երկուսուկես ամիս է՝ ապօրինաբար զրկված է ազատությունից, և պաշտպանական խումբը պատրաստվում է միջնորդել դռնբաց դատական նիստերի իրականացման։ Այս մասին Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի ասուլիսի ժամանակ հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Ազատությունը բացարձակ արժեք է, դու չես կարող կամ ակնհայտ դիտավորությամբ, կամ անփութությամբ նման անշրջահայաց որոշում կայացնես և մարդուն դատես»,- նշել է Հարությունյանը։
Պաշտպանական խումբը պատրաստվում է ընդհուպ մինչև մեղադրանք ներկայացված հոդվածի սահմանադրականությունը վիճարկել։
«Նախ, չնայած այն հանգամանքին, որ հուլիսի 1-ին նոր քրեական օրենսգիրքն ուժի մեջ է մտել, նույն օրը նախաքննական մարմին ներկայացրինք համապատասխան միջնորդություն՝ հնարավոր արարքը նոր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որակելու համար։ Դատարանն իր որոշման մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, և այդ տեղեկությունների հիման վրա էլ երկարացվել է Չալաբյանի կալանքի ժամկետը»,- շեշտել է նա։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչով էր պայմանավորված կալանքի ժամկետի 15 օրով երկարաձգումը, Հարությունյանն արձագաքեց․ «Չալաբյանի կալանքի եկարաձգումը քաղաքական դրդապատճառներով է։ Երբեք էլ քաղաքական հետապնդում իրականացնող մարմինները չեն փայլել բացարձակ քաղաքական չեզոքությամբ։ Այն, ինչ կատարվում է Չալաբյանի նկատմամբ, խելիքից դուրս է։ Փաշինյանը Չալաբյանին հետապնդելու անձնական պատճառ ունի»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ ինքը համոզում է Չալաբյանին խոսել իրեն կալանքի տակ պահելու անձնական պատճառից։
Հիշեցնենք, որ Չալաբյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Այն նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







