ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քաղաքական ընդդիմության երթի մասնակցի կողմից խուլիգանություն կատարելու, ՀՀ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական անհրաժեշտ այլ գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 1982թ. ծնված բնակիչ Ա.Մ.-ն է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ 2022թ. մայիսի 3-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցից դեպի Պուշկին փողոց շարժվող քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներից մեկը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, որի ընթացքում ծառայողական պարտականնությունների հետ կապված բռնություն էր գործադրել, այն է՝ ձեռքով հարվածել էր հասարակական կարգի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցի դեմքին:
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







