Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:00

Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել

Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` այս մասին ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշել է, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ:

«Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը:

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասել է Աբրահամյանը:

Աբրահամյանը նշել է, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:

«Պարզվել է (այդ թվում նաև ավագանու՝ մանդատից հրաժարված անդամի բացատրություններով), որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը և խմբակցության քարտուղարը խմբակցության անդամների հետ տեղի ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների ընթացքում հայտնել են խմբակցության քաղաքական դիրքորոշումը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու, այդ հարցում միասնականություն դրսևորելու վերաբերյալ, հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար վերջիններիս արարքներում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով (Իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը), այնպես էլ 308-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմը։ Այս մասով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում»,- հայտնեց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք թողնվել են անհետևանք:

«Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։

Այսինքն՝ այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»,- եզրափակեց Աբրահամյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+