Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրավիրված հրատապ դատական նիստը: Դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշեց բավարարել պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը, և Չարչյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց:
Չարչյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Արմեն Չարչյանն ասաց, որ տրամադրությունը բարձր է, ոգին միշտ է շատ բարձր եղել։
«Ես առողջական շատ լուրջ խնդիրներ ունեմ, որոնք այս հինգ ամսվա ընթացքում շատ վատ ձևով արտահայտվել են։ Առաջիկա իմ խնդիրը առողջությունս վերականգնելն է լինելու»,- Armenia Today-ի հարցին ի պատասխան նշեց նա։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը նոր որոշմամբ արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել էր, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար:
Հավելենք, որ Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն, նորից կալանավորվել էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







